Դեռեւս 2023թ ապրիլին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցը հայտարարեց նոր՝ Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ստեղծման մասին։ Նման բաժանմունք վիրաբուժության ինստիտուտում կար դեռեւս 1970-ականներին հիվանդանոցի հիմնադիր Ա․ Միքայելյանի օրոք, տարիների դադարից հետո բաժանմունքը վերաբացվեց նոր թիմով եւ սարքավորումներով։
Այս ամիսների ընթացքում համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ իրականացվել են ներսրտային հետազոտություններ և միջամտություններ, կորոնար զարկերակների ներանոթային միջամտություններ, բուժական այլ միջամտություններ և այլն:
Բաժանմունքի աշխատանքի, գրանցած արդյունքների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք Ինտերվենցիոն սրտաբանության ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արսեն Մկրտչյանի հետ։
-Պարոն Մկրտչյան, 11 ամիս է՝ ինչ համալսարանական հիվանդանոցում վերաբացվել եւ գործում է ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքը։ Ի՞նչ արդյունքներ ունենք այսօր։
-Այո, 2023թ ապրիլից ստեղծվեց մեր բաժանմունքը, եւ այս ամիսների ընթացքում մեր գրանցած ցուցանիշները գոհացուցիչ են։ Ավելի քան 2300 ամբուլատոր ծառայություն ենք մատուցել, 1250 միջամտություն ենք կատարել, որի մեջ մտնում են սրտաբանական և էնդովասկուլյար վիրաբուժական միջամտությունները, այդ թվում՝ կորոնոգրաֆիաները, ստենտավորումները, էմբոլիզացիաները և այլն։
Պետք է նշեմ, որ բաժանմունքն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, մեր հաջողությունների գրավականը ոչ միայն տեխնիկական հագեցվածությունն է, այլեւ մասնագիտական ներուժը, տարածաշրջանում եզակի անգիոգրաֆներից մեկը մեզ մոտ է գտնվում, այստեղ են աշխատում ոլորտի լավագույն մասնագետները։
Մեր բժիշկները երիտասարդ, կայացած մասնագետներ են, ովքեր անընդհատ ձգտում են կատարելագործել իրենց գիտելիքները, փորձը, հետեւում են բժշկության զարգացման տենդենցներին, պարբերաբար վերապատրաստումների են մասնակցում։
Մեր առավելություններից է նաեւ համալսարանական մեծ ընտանիքի անդամ լինելը, մի հիվանդանոցի, որն ավելի քան 50-ամյա պատմություն ունի, ինչը հնարավորություն է տալիս թիմային, մուլտիդիսցիպլինար մոտեցում ցուցաբերել, բազմապրոֆիլ եւ բարձրորակ ծառայություններ մատուցել։
-Պարոն Մկրտչյան, ի՞նչ նոր ծրագրեր կան բաժանմունքի զարգացման, ծառայությունների ընդլայնման նպատակով։
-Այս ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել, սակայն դեռևս շատ ծրագրեր կան, որոնք անպայման կյանքի ենք կոչելու։ Պատրաստվում ենք արդեն իսկ առկա ծառայությունները ավելացնել եւս մեկով՝ ինվազիվ արիթմոլոգիական ծառայությամբ, որի շնորհիվ հնարավոր է խուսափել հանկարծամահությունից, բարելավել սրտի ռիթմի խանգարում ունեցող պացիենտների կյանքի որակը։ Բազում այլ ծրագրեր կան, որոնք միտված են առկա տեխնիկական հագեցվածության պայմաններում նոր ծառայությունների ներդրմանը, այդ մասին կխոսենք հաջորդիվ։
-Պարոն Մկրտչյան, դեռեւս 1970-ականներից «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում իրականացվում էին սրտի բաց վիրահատություններ, այդ ժամանակվա լավագույն անգիոգրաֆիկ սարքը հենց այստեղ էր տեղադրված: Երկար դադարից հետո բաժանմունքի վերաբացումը եւ բարի համբավի վերականգնումը այս ոլորտում ավելի հե՞շտ է, կամ ի՞նչ բարդություններ կան այդ ճանապարհին։
-Այո, դեռեւս 1970-ականներին հիվանդանոցի հիմնադիր Ալեքսանդր Միքայելյանի եւ նրա թիմի կողմից այն ժամանակվա համար մի շարք եզակի միջամտություններ են կատարվել։ Առաջին անգամ Հայաստանում հենց «Միքայելյան»-ում են իրականացվել շունտավորումները, փականային պրոթեզավորումները, տեղադրել են խթանիչներ եւ այլն։ Նման անցյալ, պատմություն ունեցող հիվանդանոցում աշխատելը եւ ծառայության վերաբացումը, նոր թափով ակտիվացնելը, իհարկե, հեշտ չէ, նաեւ շատ պատասխանատու գործ է։
Նախ՝ ոլորտը ինքնին մրցակցային է, բազմաթիվ են նման ծառայությունները, երկրորդ՝ ամեն ինչ շատ արագ զարգանում է եւ պետք է փորձել քայլել ժամանակին համահունչ, երրորդ՝ որպես համալսարանական հիվանդանոցի թիմի անդամ՝ մենք նաեւ կրթական, գիտական գործունեությանն ենք մեծ տեղ տալիս, թիմի վերապատրաստումներին, մեր կողմից իրականացված բարդագույն դեպքերը ներկայացնելուն։
.png)